Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Առաքյալների կանոնները

Առաքյալների  կանոնները
31.01.2017 | 11:45

(սկիզբը` այստեղ)


ԳԼՈՒԽ ԼԴ
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ Ո՞Ր ԱՇԽԱՐՀՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ

Եվ արդ, այս ամենը, ինչ որ կարգեցին առաքյալները, իրենց անձերի համար չէր, այլ նրանց, որ գալու էին իրենց հետևից: Քանի որ գիտեին, թե գայլերը պատրաստ են հագնելու գառների մորթիներ և կոտորած սկսելու Քրիստոսի հոտի մեջ: Եվ որովհետև իրենք իսկ էին օրենսդիրները, որևէ կարգադրության և օրենքի պետք չունեին, քանի որ արդեն խրատված ու վարժված էին ճշմարիտ Վարդապետից, և Մխիթարիչ Սուրբ Հոգին էր նրանց մեջ բնակվում: Եվ նրանց հետ, որ օրինակ էին ամենքի համար, Սուրբ Հոգին այնպիսի կարգադրություններ և օրենքներ կարգեց, որոնցով առավել ևս առաջնորդեր նրանց՝ իրենց իսկ Տիրանվեր կամքերի մեջ: Քանի որ, եթե Տիրոջ իշխանությունն ու զորությունն էին ընդունել, ինչ մարդ պիտի լիներ, որ նրանց համար օրենքներ սահմաներ: Նաև Պողոսը և Տիմոթեոսը, որոնք շրջում էին ասորացիների և կիլիկիացիների կողմերում, նույն այս օրենքներն էին պատվիրում առաքյալների երեցներին և այս օրենքներն էին, որ առաքյալների ձեռքով քարոզվում էին աշխարհականներին և առաքյալների ձեռքով ավանդվում ամեն մի եկեղեցու:
Տիրոջ այլ աշակերտներն էլ, այս օրենքների կարգերը դնելուց հետո, Ավետարանը քարոզելուց չէին դադարում և գործում էին մեծամեծ նշաններ ու զորություններ, որ Տերն էր նրանց ձեռքով կատարում: Եվ մեծ քանակությամբ ժողովուրդ էր հավաքվում, որ հավատում էր Քրիստոսին: Իսկ նրանց հետ շրջող երեք հազար հոգին եկան Պետրոսի մոտ և նրան ասացին. «Արքայի եղբայրներ, մենք ի՞նչ գործեր անենք»: Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցե՛ք և մկրտվեցե՛ք ամենքդ էլ, հանո՛ւն Տեր Հիսուսի»: Եվ ուրիշ քաղաքներից ու գավառներից գալիս էին նրանց մոտ, լսում և ընդունում նրանց խոսքը: Նաև Նիկոդիմոսը և Գամաղիելը, որ ժողովրդի գլխավորներ էին, առաքյալների մոտ գալիս էին թաքուն և հավատում նրանց վարդապետությանը:


Նույնպես և Աննայի և Կայիափայի որդիներ Հուդան և Ղևին, և Փեռին, և Ալեքսանդրիոս քահանայի կողմնակիցները գալիս էին գիշերով, Քրիստոսի մասին խոստովանելով, թե՝ «Աստծո Որդին է», սակայն նրանք երկնչում էին իրենց խորհուրդները ժողովրդին հայտնելուց, որպեսզի հրեաներից և քահանայապետներից կշտամբություն չստանան: Եվ առաքյալները նրանց սիրով ընդունելով, առավել օգտակար խրատներ տալով, ասում էին. «Չլինի թե մարդկանց երկյուղից և կամ նրանց պատկառելուց Աստծո առջև ձեր հավիտենական կյանքերը կորցնեք, և Քրիստոսի արյան վրեժը գուցե պահանջվի միայն ձեր հայրերից, որոնք այդ դատաստանը վերցրին իրենց անձերի և իրենց որդիների վրա: Որովհետև Աստծո առջև հակառակությունն ընդունելի չէ, ինչպես որ Կենարարն է ասում. «Ով խոստովանում է ինձ մարդկանց առաջ, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, իսկ ով ուրանում է ինձ մարդկանց առաջ, ես էլ պիտի նրան ուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է»: Որովհետև երբ լինեք Նրա (Կենարարի) երկրպագուն և դարձյալ գնաք հաղորդվելու Նրան սպանողների որդիների հետ, էլ ինչպե՞ս պիտի ակնկալեք թե դուք ևս հավատի ճշմարտության մեջ եք, երբ դեռ դուրս չեք եկել ու հեռացել նրանց հանցանքներից, ովքեր ստությամբ իրենց անձերը դատապարտեցին: Այլ ձեզ համար այն է արժանի, որ ձեզ խոստովանեք իբրև այնպիսիները, որոնք հավատացին այն քարոզչություններով, որ մենք ենք քարոզում»:


Եվ երբ քահանաների որդիները այս ամենը առաքյալներից լսեցին, ամենքով միաբան աղաղակեցին ժողովրդի առջև, ասելով. «Մենք խաչված Քրիստոսին ենք խոստովանում և հավատում ենք, թե Նա է ի սկզբանե Աստծո Որդին և գոհանում ենք այն բանի համար, որ արժանի եղանք նրան անվանելու և մտնելու նրանց թվի մեջ, ովքեր խոստովանում և կարդում են Նրա անունը, և այժմ ուրանում և հեռանում ենք նրանցից, ովքեր Նրան խաչեցին և ուրացան»: Նաև քահանաները ժողովրդից ծածուկ էին գալիս խոստովանելու Քրիստոսին: Եվ քանի որ սիրում էին ժողովրդի գլխավորներ լինել, այդ պատճառով հայտնի կերպով չէին խոստովանում, նրանք մոռացան գրվածքները, որ ասում են. «Սրտագետ է Տերը» և «Կամակորությունները նրա առջև չե՛ն հաստատվի»:


Եվ երբ նրանց հայրերը իրենց որդիների մասին այս լսեցին, մեծ ցասումով սպառնացին նրանց, քանի որ իրենք չէին հավատում Քրիստոսին: Իսկ որդիները առակելով հայտնի արեցին իրենց հայրերի խորհուրդները, նրանց հանդիմանելով ամբողջ ժողովրդի, դատավորների և հեթանոս ազգերի առաջ: Իսկ հավատացյալ հրեաներն ու քահանայապետերի որդիները եկան, առաքյալներին հարեցին և երբեք նրանցից չէին հեռանում, որովհետև տեսնում էին, թե ինչ-որ խոսքով են ուսուցանում, նույնը և ամենքի առջև գործով են ցույց տալիս: Եվ առաքյալների միջոցով լինում էին կենաց Բանի ճշմարտության քարոզներ:


Եվ այն ժամանակ, երբ այս քարոզությունների համար հալածանքների վտանգներ հասան, առավել ևս էին ուրախանում, որ կցորդ են նրանց նեղություններին: Եվ խնդությամբ ընդունում էին այն տանջանքները, որ գալիս էին առաքյալների վրա, հայտնապես խոստովանում էին Քրիստոսին և Նրան էին քարոզում հրեաների, հեթանոսների և սամարացիների առջև՝ իրենց կյանքի բոլոր օրերում: Եվ առաքյալների վախճանվելուց հետո նրա՛նք եղան սուրբ եկեղեցու առաջնորդներն ու քարոզիչները, Ավետարանի հրամանատարները: Եվ առաքյալները նրանց ինչպես ավանդեցին, նրանք այդպես էլ ընդունեցին և ամեն ժամանակ քարոզում ու ուսուցանում էին ժողովրդին և բոլոր հեթանոսներին: Նրանք ևս իրենց վախճանի ժամանակ նույն բաներն ավանդեցին, ուսուցանելով իրենց աշակերտներին ամեն բան այնպես, ինչպես որ մեկ անգամ լսել էին առաքյալներից: Նաև այն ամենը, ինչ-որ Հակոբոսը գրեց Երուսաղեմից, Հովհաննեսը՝ Եփեսոսից, Մարկոսը՝ Ալեքսանդրիայից, Անդրեասը՝ Փռյուգիայից, Ղուկասը՝ Մակեդոնիայից, Թովմասը՝ Հնդկաստանից, և Պողոս առաքյալի տասնչորս թղթերը, որ ամեն եկեղեցի է կարդում բոլոր տեղերում, նույնպես և միաբանված կարդում են նրանց առաքինության գործերը, որ Ղուկասը գրի առավ: Քանի որ այս են ծանոթացնում առաքյալները և մարգարեները, հին կտակարաններն ու նորերը, թե՝ իմացե՛ք, ամենքին մե՛կ Սուրբ Հոգի խոսեց, մե՛կ ճշմարտություն քարոզվեց, մե՛կ հավատ պատմվեց և մե՛կ Աստծո անուն Ավետարանվեց, որ փառավորվեց նաև ամենքի կողմից: Եվ տիեզերքի բոլոր վայրերում՝ նրանց վարդապետությունն ընդունեցին: Եվ այսուհետև ինչ-որ Տիրոջ կողմից խոսվել էր առաքյալների միջոցով և այն, որ առաքյալները ավանդեցին իրենց աշակերտներին՝ հավատարիմ և ընդունելի եղան բոլոր կողմերում՝ Տիրոջը ճանաչեցնելու համար, այնպես, ինչպես որ Կենարարն ասաց. «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»:
Եվ այն ժամանակ, երբ նրանք վիճաբանում էին հրեաների վարդապետների հետ, բացում և, խոսքով մարտնչելով, նրանց առջև էին դնում մարգարեական գրվածքները և փակում էին նրանց բերանները իրենց վկայությամբ: Նույնպես և հեթանոս մոլորվածներին մեծամեծ նշաններով, Քրիստոսի զորությամբ գործված արվեստներով թողնում էին զարմացումի մեջ և օծում նրանց ճշմարիտ հավատով:


Եվ ամենայն հեթանոսները, որ բնակված էին հեռավոր աշխարհներում, հանդարտվեցին, լռեցին, և հնազանդվեցին Քրիստոսի Ավետարանի քարոզությանը, և ով ընդունում էր մարտիրոսության խոստովանությունը, այսպես էր աղաղակում՝ ասելով. «Մեր հալածանքներն ու մեր նեղությունների տանջանքները թող Աստծո առջև մեր խոսնակները լինեն՝ փոխան մեր չարչարանքների, քանի որ նրա առջև հալածիչներ էինք ժամանակին, իսկ այժմ հալածվում ենք Տիրոջ անվան համար»: Նրանցից ոմանք այս ամենը մահվան սրով վկայեցին, նրանցից ոմանցից ինչք ու ունեցվածք խլեցին՝ թողնելով մերկ ու հալածական: Եվ նեղության վտանգներն ու չարչարանքները որքան ավելի էին գալիս, նրանք առավել էին աճում, զորանում, բազմանում և ցնծալով սրտերի ուրախությամբ, դառը մահն էին ընդունում՝ պես-պես տանջանքներով ու չարչարանքներով, իրենց իսկ անձերի վկայության համար:
Իսկ քահանայության ձեռնադրությունը, որ առաքյալներն ստացան, բազմացրին և ողջ աշխարհով մեկ տարածեցին և որպես որ Տերն ինքն իսկ ասաց նրանց, թե. «Ինձ տրվեց ամենայն իշխանություն երկնքում և երկրի վրա: Եվ ինչպես ինձ Հայրն առաքեց, նույնպես Ե՛ս եմ ձեզ առաքում: Գնացե՛ք, աշակերտ դարձրեք բոլո՛ր հեթանոսներին, մկրտեցե՛ք նրանց հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, ուսուցանե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ Ես պատվիրեցի: Եվ ահա Ես ամե՛ն օր ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Եվ որպես որ նրանց Տերը պատվիրեց, ըստ նույն օրինակի, Ավետարանի քարոզչությունը շուտափույթ թռավ ամբողջ տիեզերքով մեկ: Եվ այն ժամանակ, երբ նրանք այցելում էին միմյանց և որևէ բանի քննություն էր լինում, գալիս և հաղորդվում էին միմյանց հետ, թե՛ իրենց պաշտոններով, թե՛ աղոթքներով և թե՛ մխիթարության խոսքերով:
(շարունակելի)


Գրաբարից փոխադրեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ

մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ